Հայաստանում ներգնա զբոսաշրջությունը 3 անգամ կրճատվել է՝ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ համեմատելով խորհրդային տարիների հետ։
Ըստ նրա, պատճառը պարզ է. եթե խորհրդային տարիներին Հայաստանում կար 110 առողջարան ու հանգստյան տուն, այսօր դրանց թիվը հասել է 11-ի։ 200 պիոներական ճամբար կար, որտեղ տարեկան 200 000 երեխա էր հանգստանում, դրանց թիվը կրճատվել է 10 անգամ և´ քանակով, և´ ծավալով, և´ ամենակարևորը՝ եղածների գները «ֆանտաստիկ բարձր են»։
«Եթե նախկինում գումար չունեինք և ստիպված գնում էինք Ջերմուկ, Հանքավան կամ Սևան երկշաբաթյա հանգստի, այսօր արդեն այդ գումարով կարող ենք գնալ ցանկացած երկրի հանգստավայր և հետն էլ բավական բարձր որակի սպասարկում ստանալ»,- նշեց նա։
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ Վրաստանում ու Թուրքիայում տարեկան հանգստանում է մոտ 150 000 հայաստանցի, քանի որ այնտեղ գները մատչելի են։
«Եվս 150 000-ը հանգստանում է այն ազգականների մոտ, ովքեր ապրում և աշխատում են դրսում։ Եվ կա մի փոքր շերտ՝ 3%-ը, որ էլիտար կուրորտներում է հանգստանում»,- նշեց նա և ավելացրեց, թե փաստորեն միայն ընտանիքների 15%-ն կարողանում փակել նորմալ հանգստի ծախսերը, իսկ մնացածը մոգոնում են, թե որտեղ անցկացնեն իրենց հանգիստը և հիմնականում գյուղեր են մեկնում։
Հայերը Վրաստանում տարեկան մոտ 75 մլն դոլարի չափ գումար են թողնում, իսկ օրինակ՝ Ջերմուկում հանգստանալու ամեն մեկ օրը 60 000 դրամ արժե, որը բավական կլինի Քոբուլեթում տասն օր լավ հանգստանալու համար։